Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերժվածը չպիտի տա հարցեր, որոնց պատասխանը գիտի. իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով

վեր Մնացականյան – Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին:

Նվեր Մնացականյան – Երբ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ես լինեի պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա:

Նվեր Մնացականյան – Ի դեպ, ապացուցելու մասին: Ի՞նչ հավանականություն և հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ գործընթացը հիմա տեղի է ունենում: Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

Վերադառնալով իմ նախորդ հարցին, տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը:

Նվեր Մնացականյան – Որովհետև գիտեի՞ք, որ պատերազմն անփուսափելիորեն հասունանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել:

Նվեր Մնացականյան – Ներողություն: Այստեղ մի նրբություն չմոռանանք և գանք Ձեր ասածին: Երրորդ նախագահը նաև ասում էր, որ ռազմական բյուջում թողել ենք անօդաչու սարքերի գնման ծրագիր: Հիմա թվաքանակը ճիշտ չեմ հիշում: Դա ինձ համար նորություն էր: Իսկ Ձե՞զ համար, որ Դուք այդ գնումը պետք է կատարեիք 2018-2020թթ. ժամանակահատվածում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ: Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ի՞նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ:

Նվեր Մնացականյան – Ձեր նշած պահպանողականությունն այսօր շատերը չեն ողջունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չէ, բայց, համենայնդեպս, Զինված ուժերի ոլորտում...

Նվեր Մնացականյան – Իսկ ինչո՞ւ: Ի՞նչն էր Ձեզ ստիպել այդ քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև կարծում էի, որ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում, որ մենք ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է շատ նեգատիվ հետևանքների բերել: Նկատի ունեմ, այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են: Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ: Եվ Զինված ուժերի գործունեության իմ կանխավարկածը, եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես պետք է չլինեն:

Նվեր Մնացականյան – Բայց տեսեք հետագիծն ուր է տանում: Դուք այսօր ունեք Պաշտպանության նախարարի ձերբակալված խորհրդական՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուզում եմ ասել, որ այդ առիթով քրեական գործեր հարուցվել են դեռևս 2018թ.: Եվ այսօր շատերը հարցնում են. այդտեղ հեղափոխական փոփոխություններ չենք արել, որովհետև նույն զենքի մատակարարման ոլորտում, չնայած եղել են ամենատարբեր քննադատություններ, էլի հեղափոխական փոփոխություններ չենք արել:

Նվեր Մնացականյան – Հիմա՞ էլ գտնում եք, որ ճիշտ եք արել, որ չեք արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա կներկայացնեմ: 2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:

Նվեր Մնացականյան - Բայց գոնե կփակեք կոռուպցիայի ճանապարհը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հենց 2018-ից ի վեր, բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը: Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը:

Նվեր Մնացականյան - Քանի որ բանակից ենք խոսում. Սերժ Սարգյանն ասում է՝ ես զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Այդ ակնարկը Ձե՞զ է հասցեագրված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

Նվեր Մնացականյան – Այդպե՞ս էլ է լինում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չգիտեմ:

Նվեր Մնացականյան - Նորություն էր: Հետաքրքիր նորություն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - 80-ականների զե՞նք էր գուցե: