Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին
---
11:32, 25 февраль 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին,  այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին, նրանց ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները, նշել, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելել, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել:

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշել են, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում և բացի նորարարական և գիտահետազոտական ուսումնասիրություններից այստեղ փոխադրել նաև գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը: