Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն սննդի փաթեթներ կտրամադրի Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցիներին

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն սննդի փաթեթներ կտրամադրի Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցիներին
---
22:14, 06 август 2021
Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության տնօրենի խորհրդական Արտակ Պողոսյանի, Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի, Գեղարքունիքի մարզում գործող միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոցելիության գնահատման և քարտեզագրման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը:
ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով Արցախի տարբեր բնակավայրերից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին: Ինչպես նշվեց, աջակցությունը կտրամադրվի սննդի տեսքով՝ յուրաքանչյուր շնչի հաշվով 16,7 կիլոգրամ քաշով:

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան աջակցության բաշխման մեխանիզմներին, համագործակցության հնարավորություններին: ՄՍԾ Գեղարքունիքի տարածքային կենտրոնների տնօրենները պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը ցուցաբերել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին և մարզի համայնքներին՝ ընտանիքներին սննդի փաթեթների բաշխման հարցում:

Հստակեցվեց Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային սոցիալական ծառայությունների և միասնական սոցիալական ծառայությունների պատասխանատվությունը, որի հետ կապված նախատեսվում է Գեղարքունիքի մարզպետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրել համագործակցության հուշագիր: