Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս երկրի պետական լեզուն հայերենն է, այն գերակա է ու առաջնային»․Դավիթ Գյուրջինյան

«Այս երկրի պետական լեզուն հայերենն է, այն գերակա է ու առաջնային»․Դավիթ Գյուրջինյան
---
15:58, 13 август 2021
Հայաստանում Պարեկային ծառայության մեքենաների արտաքին նոր ձևավորման տարբերակում կգլխավորեն հայերեն գրառումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:

«Դժբախտաբար, առաջին փորձն անհաջող էր, ավտոմեքենաների վրա հայերենը գերակա չէր, գերիշխողն օտար լեզվական նյութն էր: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դիտարկումները բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին համապատասխան պաշտոնյաները: Լեզվի կոմիտե ուղարկել են նոր առաջարկներ, լուսանկարներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ գրությունները: Ես գոհունակությունս արտահայտեցի, որ այդ նախագծով մեքենաների վրա բոլոր կողմերից հայերենը գերիշխող է»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ նոր տարբերակն արժանացել է իրենց հավանությանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում:

Լեզվի կոմիտեն ունի երկու բաժին. վարչական իրավախախտումների բաժին, որը զբաղվում է Լեզվի մասին օրենքի պահանջները խախտելու դեպքերի բացահայտմամբ և Վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելով, տուգանքներ նշանակելու և եղած խախտումները վերացնելու պահանջով:

Մյուսը բաժինը լեզվական վերահսկողության բաժինն է, որը վերահսկում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, կայքերի լեզուն և պատրաստում է ամփոփագրեր այնտեղ նկատված լեզվական սխալների վերաբերյալ:

Լեզվի կոմիտեն իրականացնում է լեզվական քարոզչություն սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում, Յութուբում, Ինստագրամում և Տելեգրամում։

Ըստ պարոն Գյուրջինյանի՝ Լեզվի օրենքի խախտումներից է այն, օրինակ, որ մեր տնտեսվարողները կարծես գործում են ոչ թե հայաստանցիների, այլ զբոսաշրջիկների համար. «Մտնում եք սրճարան, ճաշարան, ճաշացանկը ձեզ բերում են միմիայն օտար լեզվով։ Այնինչ ՀՀ Լեզվի մասին օրենքն ասում է, որ նախ պետք է լինի հայերեն, քանի որ պետական լեզուն հայերենն է, հետո միայն այն կարող է զուգակցվել այլ լեզուներով։ Հիմա մեր տնտեսվարողները, փաստաբան վարձելով, փորձում են ապացուցել, որ զբոսաշրջիկը գալիս է՝ հայերեն չի հասկանում։ Բա հայաստանցինե՞րը։ Սա Հայաստանն է, այս երկրի պետական լեզուն հայերենն է, և այն գերակա է, առաջնային է։ Դրանից հետո կարող են լինել այլ լեզուների զուգակցումներ»։

Գյուրջինյանի խոսքով՝ այս ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ. «Դա բավական մեծ թիվ է, քանի որ տարվա համար նախատեսվում էր 75-ը: Այս 7 ամիսների ընթացքում ՀՀ վարչական դատարանում քննվող գործերի քանակը 18-ն է, որից 7-ի դեպքում մեր պահանջը բավարարվել է, իսկ 11-ը մերժվել՝ տարբեր պատճառներով»։

Լեզվի կոմիտեն վերաքննիչ դատարան է ներկայացրել 2 բողոք։

 «Երբ մերժվում ենք, հետամուտ ենք լինում, որ Լեզվի մասին օրենքի պահանջները կատարվեն»,- ասաց պարոն Գյուրջինյանը։