Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
---
13:57, 14 февраль 2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ!

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավելի տարիների ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում՝ առավոտվա 8-ից երեկոյան 9-ը՝ երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ-ի համեմատ 2023թ-ին Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ առաջ են անցել Ադրբեջանից, Բելառուսից, բազմաթիվ այլ երկրներից։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։

Սիրով։