Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները
---
20:19, 27 сентябрь 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։


Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են  դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։


Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ  ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:


Խնդիրը լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո: 


Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:


Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: 


Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։