Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձ է արվում ռազմական ճանապարհով լուծել Թուրքիան Ադրբեջանին և ՌԴ-ին կապող միջանցքի հարցը. ԱԴԿ

Փորձ է արվում ռազմական ճանապարհով լուծել Թուրքիան Ադրբեջանին և ՌԴ-ին կապող միջանցքի հարցը. ԱԴԿ
---
22:19, 16 ноябрь 2021

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն ներկայացնում ենք ստորև․

 
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի խախտմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործությունները ոչ այլ ինչ են, քան ՀՀ տարածքային ամբողջականության խախտում և չհայտարարված պատերազմ Հայաստանին՝ Ադրբեջանի և վերջինիս աջակցող ուժերի կողմից:
 
Պարզ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում՝ ոտնահարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքն ու մեր պետության շահերը, փորձ է արվում ռազմական ճանապարհով լուծել Թուրքիան Ադրբեջանին և Ռուսաստանին կապող և վերջին շրջանում այդքան քննարկվող միջանցքի հարցը:
 
Պետք է արձանագրենք, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում նաև ՀՀ իշխանությունները և վերջինների անթույլատրելի և վտանգավոր հայտարարությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կամ այն հատվածը «վիճելի» կամ «ադրբեջանական» անվանելու վերաբերյալ, ավելին՝ դեռևս մայիսի 12-ից՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտած Ադրբեջանը մինչ օրս որևէ համարժեք պատասխան չի ստացել ՀՀ իշխանությունների և միջազգային պատկան կառույցների կողմից, ինչը ևս պարարտ հող են նախապատրաստել Ադրբեջանի ներկայիս հռետորաբանության և ագրեսիայի համար:
 
Հայաստանն իրավունք չունի հապաղելու, առավելևս՝ ընկրկելու աշխարհաքաղաքական որևէ պրոցեսի նկատմամբ և անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու և վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից չհայտարարված փաստացի պատերազմի պայմաններում խնդրի հանգուցալուծման համար պետք է.
 
1.Օգտագործելով ՀՀ Զինված ուժերի ողջ ներուժը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը, ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը:
 
2.Գործի դնել քաղաքական և դիվանագիտական ողջ գործիքակազմը. անհապաղ դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ նաև որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից միջազգային առկա բոլոր մեխանիզմներով գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերը
ՀՀ սուվերեն տարածքից ժամ առաջ դուրս բերելու ուղղությամբ:
 
Այս օրհասական պահին նաև անթույլատրելի է և վտանգավոր միտում ենք տեսնում ՀՀ ռազմավարական գործընկեր, Հայաստանի նկատմամբ պայմանագրային հստակ պարտավարություններ ունեցող Ռուսաստանի Դաշնության պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունները՝ Հայաստանից պաշտոնական դիմում չստանալու վերաբերյալ: Միաժամանակ անընդունելի և վտանգավոր ենք համարում Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնական դիմումների անհասկանալի ձգձգումները:
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը և Հայաստանի նկատմամբ տեղի է ունեցել ռազմական հարձակում, և այս իրավիճակում միջազգային պատկան կառույցների կողմից «կողմերին» ուղղված կրավորական կամ նկարագրողական հայտարարությունները նույնքան վտանգավոր ենք համարում՝ կոչ անելով անհապաղ անցնել գործուն քայլերի, քանզի վերջիններս տիրապետում են բոլոր մեխանիզմներին ադրբեջանական ագրեսիան ժամ առաջ կանգնեցնելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռազմագերիներին վերադարձնելու համար: