Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սասուն Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները քննարկել են Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման ծրագրերը

Սասուն Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները քննարկել են Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման ծրագրերը
---
14:47, 20 ноябрь 2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ:
 
Հանդիպման նպատակը Միացյալ Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման, մասնավորապես` տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումն էր:
 
Կողմերը, մասնավորապես, դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային փորձագետների ներգրավմամբ քննիչներին մասնագիտական աջակցության, այդ թվում` քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել քննության իրականացման ընթացքում քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման, ինչպես նաև դրանց արդյունավետության ապահովման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությանը:
 
Քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով կարևորվել է նաև անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի իրականացումը հատկապես ֆինանսական հանցագործությունների և պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման հանցատեսակների քննության թեմաներով:
 
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և դրա շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ: