Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, ինչ ասել եմ պատերազմի ընթացքում ԱԽ նիստի մասին, ամբողջությամբ արձանագրված է եւ փաստացի կա․ ԱԽ քարտուղար

«Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու առաջարկ ռազմական գործողությունների չորրորդ օրը չի արել:

Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- հավելեց Գրիգորյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու՞ ավելի ուշ արձագանքեցին Օնիկ Գասպարյանի այդ հայտարարությանը՝ ԱԽ քարտուղարն ասաց․ «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը՝ մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարել ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել»: