Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արբանյակը հայ մասնագետներին հնարավորություն կտա ունենալ երկրի դինամիկ փոփոխությունների տվյալներ՝ առանց մեծ գումարներ ծախսելու․ մասնագետ

 «SpaceX» ընկերության Falcon 9 հրթիռով երեկ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Civic.am-ի հետ զրույցում ռադիոինժեներ, Ինժեներական քաղաքի համայնքի անդամ Գուրգեն Մարդոյանը կարևորեց արբանյակի տիեզերք առաքելը՝ նշելով, որ այսուհետ ոլորտի մասնագետները կարող են մեծ գումարներ չծախսել այլ երկրներից, այլ կազմակերպություններից արբանյակների պատկերները գնելու համար, իսկ դա կբերի ոլորտի՝ առավել ինտենսիվ զարգացմանը։ 
«Արբանյակի տեսադիտարկման համակարգերը թույլ են տալու գեոստացիոնար օրբիտայից Հայաստանի տարածքը լավ զննել և բազմաթիվ մասնագիտությունների տեր մարդիկ՝ երկաբաններ, օդերևութաբաններ, ռադիոկապի ինժեներներ հնարավորություն կունենան ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում մեր տեղանքի հետ, ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ կան»,- նշեց մասնագետը։
 
Մարդոյանի խոսքով՝ առավոտյան արբանյակի արձակման մասին լուրն Ինժեներական քաղաքում ընդունվել է մեծ ոգևորությամբ, քանի որ տարբեր կազմակերպությունների աշխատակիցները մշտապես այս կամ այն չափով ունենում են տիեզերքից ստացվող տվյալների անհրաժեշտություն։ Նա վստահ է, որ հայկական արբանյակի՝ տիեզերք դուրս բերումը կխթանի տիեզերական սարքաշինությունը Հայաստանում, որի առաջին փորձերն արդեն իսկ արված են։
 
 Ի պատասխան քննադատությանը, որ արբանյակի՝ տիեզերք ուղարկումն ուշացած է, մասնագետը նշեց․ «Ցանկացած գործ էլ այսօր ուշացած է, չուշացած բան չկա։ Հարցն այն է՝ ամաչո՞ւմ ես, որ ուշացած ես, թե՞ վերջապես անում ես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարմեն Մարտիրոսյան