Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին

Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին
---
14:00, 03 апрель 2021
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքով կամ մի բառով զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր:

«1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։ 

Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանն այն անհատականություններից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ, կարողացել է այդ ժամանակաշրջանում և՛ համախմբել, և՛ իր փորձը՝ որպես կադրային սպա, փոխանցել է ֆիդայական շարժման տղաներին:

«Մեծությունները պետք է գնահատվեն բոլոր իշխանությունների օրոք։ Իրենց գործը պետք է գնահատվի և փոխանցվի ապագա սերնդին, որ ապագա սերունդներն էլ պատկերացում ունենան հերոսների մասին»,- ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահի խոսքով՝ Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն էր ղեկավարել:
«Կոմանդոսն իր ռազմական գիտելիքներով, գաղափարով կարողացավ հասնել նրան, որ Շուշին ազատագրեցինք, որն ամենաանառիկn էր թվում: Այն վայրը, որտեղ ընկել են մեր տղաները, մեզ համար սրբավայր է։ Մենք պարտավոր ենք միշտ ձգտել և վերադառնալ մեր սրբավայրերը»,- եզրափակեց Միքայելյանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին: Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մահացել է 2021 թվականի մարտի 31-ին կյանքի 82-րդ տարում: Արկադի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին: