Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը կազմաքանդե՞ց Հայրենիքի փրկության շարժումը

Ռոբերտ Քոչարյանը կազմաքանդե՞ց Հայրենիքի փրկության շարժումը
---
21:17, 05 апрель 2021
Օրեր առաջ մամուլում հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակը, որի 2-րդ և 3-րդ համարներն են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՀԿ անդամությունը կասեցրած Արփինե Հովհաննիսյանը։ 

Նրանց հետ այսօր չհաջողվեց խոսել, սակայն դատելով, որ օրեր են անցել, սակայն այդպես էլ ոչ Սաղաթելյանի, ոչ Հովհաննիսյանի կողմից հերքում չի եղել, կարելի է ենթադրել, որ նրանք Քոչարյանի ցուցակի առաջին եռյակում են լինելու։ 

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվա մեկնած Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պոզներին և հայտարարել, թե պատրաստվում է ընտրություններին մասնակցել 2 կուսակցություներից կազմված դաշինքով։ 

Արդյոք այդ կուսացությունները ՀՓՇ-ի՞ց են լինելու, չհաջողվեց ճշտել։ Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում առկա լուրերը, որ մարզեր այցելելու ՀՓՇ որոշումը շարժման մյուս առաջնորդները համարում են անիմաստ եւ չեն մասնակցում, ասաց․ «Իշխան Սաղաթելյանը ներկա է լինելու, մյուսների հետ կապված տեղեկություն չունեմ, կարող եք իրենցից տեղեկանալ ևպարտադիր չէ, որ բոլոր հանրահավաքներին մյուսները ներկա լինեն։ Նախորդ հանդիպումների ժամանակ էլ հիմնական բանախոսը Վազգեն Մանուկյանն է եղել կամ Իշխան Սաղաթելյանը»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի տեղեկությունները, որ Իշխան Սաղաթելյանը եւ Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակում են, չի՞ կարծում, որ այդպիսով նրանց Ռոբերտ Քոչարյանը առանձնացնում է շարժումից, Գասպարյանը պատասխանեց․ «Ես նման տեղեկություն չունեմ, չեմ կարող մեկնաբանել»։ 

Իսկ ինչ վերաբերվում շարժումից հեռանալուն, Մանուկյանի խոսնակն ասաց․ «Ես չեմ կարծում դա այդպես է, ինչպես գիտեք՝ Իշխան Սաղաթելյանը շատ ակտիվորեն մասնակցում է «Հայրենիքի փրկության շարժման» գործողություններին, ավելին՝ շարունակում է համակարգել շարժումը, իսկ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է լինել շարժման խորհրդի անդամ եւ մասնակցում է նիստերին եւ այլն։ Ես չեմ կարող ասել՝ իրենց հետագա գործողությունների հետ կապված ինչ կլինի, բայց շարժման խորհրդում որևէ փոփոխություն մենք չենք նկատում»։