Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդների ԱԳ նախարարը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Արա Այվազյանին

Նիդերլանդների ԱԳ նախարարը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Արա Այվազյանին
---
12:34, 24 апрель 2021
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:  

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու  հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։ 

Ուղերձում նախարար Բլոկը նշել է, որ զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:

Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ։