Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրվանից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում, և սա շատ կարևոր է մեզ համար․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Այսօր ինչպես նշեցիք, շատ լայն օրակարգ ունենք քննարկելու, և ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուց ունի նախատեսված այց ՀՀ, որն անցյալ տարի քովիդի պատճառով տեղի չունեցավ, և ես հույս ունեմ, որ մենք միասին քովիդը և մյուս ճգնաժամերը կհաթահարենք և սիրով աշնանը սպասում ենք Ձեզ Երևանում պարոն նախագահ»,- այսօր Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, ՀՀ-ն մշտապես զգացել է ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը։

Ընգծելով ևս մեկ շատ կարևոր հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրվանից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում, և սա շատ կարևոր է մեզ համար։

«Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի  ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով։ Կարևորում ենք Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը ԼՂ հարցի կարգավորման և տարածաշրջանային կարգավորման երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։ Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետ, համանախագահները երեկ արդեն հայտարարություն են արել, որով ըստ էության արձանագրում են իրենց պատրաստակամությունը՝ փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցությունները և իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, և ընդգծեց Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը Հայաստանում։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է։ 

«Եվ ուրախ եմ արձանագրել, որ ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ, նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ, շատ կարևոր եմ համարում  նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անձնական  նախանձախնդրությունը մեր տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում ԼՂ-ում։ Եվ իհարկե, այս բոլոր ուղղություններով մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը շահագրգռված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն՝ մեր տարածաշրջանի անվտանգության խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում։ Ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունը և հետաքրքրվածությունը  պահպանվում է։ Մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման հնարավորություն ունենալու համար և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների ու բարեկամության, և մեր տարածաշրջանի և անվտանգության կայունության և այդ գործում ձեր դերն իսկապես չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։