Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի գործով դատարանը ծանուցում է ուղարկել Վաղարշակ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին, նիստը հետաձգվել է. փաստաբան

Օնիկ Գասպարյանի գործով դատարանը ծանուցում է ուղարկել Վաղարշակ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին, նիստը հետաձգվել է. փաստաբան
---
12:12, 05 июнь 2021
Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով առաջին դատական նիստը:  

Civic.am-ը տեղեկացրել էր արդեն, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել ՀՔԾ-ի  կողմից քրեական գործ չհարուցելու մասին որոշումը: Նշենք, որ փաստաբանի դիտարկմամբ՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հարցում իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:  

Մեզ հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը հետաձգել է նիստը` պատճառաբանելով, որ գործի նյութերը երկու օր առաջ է ստացել և չի հասցրել ծանոթանալ. «Դատարանը նաև որպես շահագրգիռ կողմ ծանուցեց Վաղարշակ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրանք ևս  ներկայանան դատարան իրենց իրավունքներն ապահովելու համար, բայց եթե իրենք հրաժարվեն ներկայանալ, կարծում եմ, դա խոչընդոտ չի լինի գործի քննությունը շարունակելու համար»,- ասաց փաստաբանը:  

Մարտիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 16-ին, և գործը քննող դատավորը`  Ռոբերտ Պապոյանն է:  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահին, սակայն նախագահը առաջարկը չէր ստորագրել և այդ հարցով չէր դիմել ՍԴ սահմանված ժամկետում։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր հաղորդագրություն, որ այդ պայմաններում Օնիկ Գասպարյանը համարվում է օրենքի ուժով ազատված։ Այնուհետև ԶՈՒ ԳՇ նախկին պետը հայց էր ներկայացրել Վարչական դատարան, որը վարույթ էր ընդունվել։ Դատարանը նաև կիրառել էր հայցի ապահովում և Օնիկ Գասպարյանի այդ գործով փաստաբան Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել։ Սակայն այդ ընթացքում ՀՀ վարչապետի կողմից նշանակվել էր արդեն ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո էլ՝ ԶՈւ ԳՇ նոր պետ։ Այս նշանակումից օրեր անց Օնիկ Գասպարյանի փաստաբաններից Մարտիկ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորությունները չարաշահելու հիմքով: Ըստ փաստաբանի` քրեական գործը պետք է հարուցվեր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրոդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով առաջացած ծանր հետևանքների հատկանիշներով:

Նարա Մարտիրոսյան