Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերցրու համար 3 քվեաթերթիկը և ընտրիր ապագան՝ մերժելով արատավոր անցյալը. Վահագն Ալեքսանյան

Վերցրու համար 3 քվեաթերթիկը և ընտրիր ապագան՝ մերժելով արատավոր անցյալը. Վահագն Ալեքսանյան
---
23:51, 18 июнь 2021
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.

Վերջին երեք տարում և հատկապես մի քանի ամսում քեզ, սիրելի ընկեր, փորձում են համոզել, որ դու սխալ էիր, որ սխալ էր համատարած կոռուպցիան, համատարած հարստահարությունն ու ունեզրկումը մերժելը։ Փորձում են համոզել, որ ճիշտը բանակին եփած ցորեն տալն ու Պանամաների օֆշորները հարյուրավոր միլիոններով լցնող իշխանություն ունենալն է, որ ճիշտը սևազգեստ մայրերին գետնին տվող ու քարշ տվող իշխանություն ունենալն է։ Քեզ փորձում են համոզել, որ ամբողջ կյանքում մինչև իշխանության տեր դառնալը վախկոտ ու վիզը ծուռ մեկը, որ տաս տարի Հայաստանի նախագահ լինելով, հայերեն նորմալ գրել ու կարդալ չսովորեց ուժեղ առաջնորդ է։ Քեզ փորձում են համոզել, որ Իզմիրլյաններում, Գազպրոմներում, կոմբինատներում ու այլ տեղերում քեզ ճնշելը, վախեցնելն ու պարտադրելը նորմալ է, որ նորմալ է քո արժանապատվությունը, հպարտությունը, թասիբն ու պատիվը 20 000 դրամով գնելը, հետո էլ քեզ կամ հարազատիդ սրճարանում ծեծելով սպանելը։ 

Քեզ փորձում են համոզել, որ բանակն ուժեղ էր այն ժամանակ, երբ զինվորը դաժանորեն ծեծվում էր ընտրություններին «սխալ» քվեարկելու համար, փորձում են համոզել, որ նույն բանակի հզորացման համար նախատեսված գումարը ուտելն էր նորմալ։ Ավելին ՝ փորձում են համոզել, որ այդ բոլոր արատավոր երևույթները՝ համեմված քո մշտական վախի ու ճնշվածության զգացողության հետ հենց այն են, ինչը պիտի ապահովի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ 

Դու գիտեք, որ դա այդպես չէ։ Բոլորից էլ լավ գիտես։ 

Ես հավատում եմ քո խոհեմությանը, հավատում եմ քո հիշողությանը ու վերլուծելու կարողությանը, նույնիսկ երեք տարի տևողությամբ համատարած մեդիատեռորի պայմաններում, ես գիտեմ, որ դու չես կորցրել հավատը այն արժեքների նկատմամբ, որոնց համար մենք ելանք ոտքի 2018-ին։ 
Ուրեմն՝ վստա՛հ, սիրելի ընկեր։ Դու իրավունք չունես թևաթափ լինելու, դու իրավունք չունես հուսահատվելու, դու իրավունք չունես խեղճանալու։ Խեղճացողը քեզ կեղեքած, ճնշած ու հարստահարած բորենիներն են լինելու։ 

Ուրեմն՝ վստա՛հ սիրելի ընկեր։ Հունիսի 20-ին գնա՛ ընտրատեղամաս, վերցրու համար 3 քվեաթերթիկը և ընտրիր ապագան՝ մերժելով արատավոր անցյալը։ 

Ես հավատում ու վստահում եմ քեզ։ Հավատում ու վստահում եմ քո ուժին և գիտակցությանը։