Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվեց

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվեց
---
21:55, 23 июнь 2021
«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը մեկ ամիս ժամկետով կալանավորվեց։ Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ դատարանն արձանագրել է, որ  ինչպես կալանավորման պահին հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է։

«Մենք արդեն իսկ ծանոթացանք դատական ակտին, միանշանակ այն բողոքարկելու ենք, գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝  հրապարակված ձայնագրության կապակցությամբ: Ձայնագրության մեջ  Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։

Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։