Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
---
15:28, 03 июль 2021
Հուլիսի 3-ին՝  ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի. տեղեկացնում են Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա:

Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):

Հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:  Ծրագրում կհնչեն Դվորժակի Ջութակի կոնցերտը, Մարտուչիի «Նոկտյուրնը» և Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը (1945 թ. խմբագրություն):

Անդրեյ Բորեյկոն համերգով Հայաստան է այցելում երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա հանդես է եկել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ֆիլհարմոնիկի հետ կատարելով Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը և Դվորժակի Թիվ 9 սիմֆոնիան։

Որպես համերգի մենակատար՝ Բորեյկոյի հետ հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, հայ անվանի ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Վերջինիս կատարողական վարպետության մասին մեր ժամանակների անվանի դիրիժոր Վլադիմիր Յուրովսկին ասել է. «Ես մեծապես տպավորված եմ նրա (Անուշի) կատարման արտահայտչականությամբ և ձայնի գեղեցկությամբ: Նիկողոսյանը փայլուն վարպետության տեր տաղանդավոր ջութակահարուհի է, օժտված է երաժշտության խորը զգացողությամբ և բեմական խարիզմայով»:
Նշենք, որ Անդրեյ Բորեյկոն միջազգային հեղինակություն ունեցող բազում նվագախմբերի սիրված և ճանաչված հրավիրյալ դիրիիժոր է: Այս համերգաշրջանում նրա ելույթները նախատեսված են Ատլանտայի, Սիեթլի, Փարիզի սիմֆոնիկ և Ռուսաստանի ազգային ու Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Բորեյկոն հանդես կգա նաև Ավստրալիայում՝ Մելբուրնի, Ադելաիդայի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Արդեն երկրորդ համերգաշրջանն է (2020/21 թթ.)՝ Անդրեյ Բորեյկոն հանդիսանում է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական և գեղարվեստական ղեկավարը, և յոթ տարի է, ինչ ղեկավարում է Artis-Naples նվագախումբը: