Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական, հասկանալիորեն նաև՝ քաղաքական ապագային»․ Նիկոլ Փաշինյան

«Ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական, հասկանալիորեն նաև՝ քաղաքական ապագային»․ Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն / Պաշտոնական
15:35, 09 февраль 2021

«ՀՀ-ն մեկ տարի է գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում։ 

2020 թվականի մարտից կորոնավիրուսը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան եւ ինչպես աշխարհի շատ երկրներում դարձավ սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ճգնաժամի պատճառ»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությունում նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին ներկայացնելիս։
 
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ այդ ճգնաժամի ողջ ընթացքում  ի ցույց էին դրվում տարբեր երկրների օրինակներ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը, բայց այսօր, ըստ նրա, Հայաստանը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, թե ինչպես է պետք կառավարել այդ ճգնաժամը։ 
 
«Հիմա ոչ-ոք չի հիշում ո՛չ, հուլիսը, ո՛չ օգոստոսը, բայց մենք պետք է հիշենք այն մեղադրանքները, որ մեզ ասում էին մենք ճգնաժամային կառավարում իրականացնել ի վիճակի չենք»,- նշել է Փաշինյանը։
 
Ըստ Փաշինյանի՝ հաջորդ մարտահրավերը պատերազմն էր, բայց մենք կարողացանք պահապանել մակրոտնտեսական կայունությունը եւ այդ կայունությամբ  միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի հաջող թողարկման միջոցով։ 
 
«Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային»- նկատեց նա։ 
 
Օրերս Կառավարությունը 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրաբոնդեր է թողարկել միջազգային ֆինանսական շուկայում՝ Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 3,8 տոկոս տոկոսադրույքով։
Այժմ տնտեսության խնդիրը վերականգնում է, ըստ Փաշինյանի։ «Այս առումով էկոնոմոիկայի նախարարության դերակատարումը առանցքային է։ Այսօր մենք կլսենք՝ ինչ ենք նախանշել, ինչ ենք պատրաստվում անել, որ մեր նախանշած պլանները իրապես իրագործվեն»- եզրափակեց նա։
 
2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 968,5 միլիոն դոլար, կամ մեկ տարվա ընթացքում այդ պարտքը ավելացել է 647,2 միլիոն դոլարով։