Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ. ՊԵԿ

2021թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ. ՊԵԿ
Տնտեսություն
19:28, 23 июль 2021
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 

Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  90 մլրդ 105 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Հիշեցնենք, որ հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. երկրորդ եռամսյակին վերաբերող ցուցանիշները: