Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորաբակում վերակառուցվում է ոռոգման ջրամբարը

Նորաբակում վերակառուցվում է ոռոգման ջրամբարը
Տնտեսություն
22:07, 15 ноябрь 2023
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  այժմ ընթանում են ոռոգման ջրամբարի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Նորաբակի ջրամբարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 344 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրամբարի վերակառուցում՝ հողե լիցքով  եւ բետոնե պատնեշի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից եւ նույն տարվա նոյեմբերի 15-ի դրությամբ իրականացվել շուրջ 50 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Աշխատանքներն իրականացնում են  «Ավետիս Խեցի» ՍՊԸ շինարարները։

Ծրագրի իրականացման արդյունքում Նորաբակի ջրամբարում հնարավոր կլինի կուտակել շուրջ 3 հազար խորանարդ մետր ջուր, որի շնորհիվ ոռոգելի կդառնա շուրջ 100 հեկտար վարելահող եւ տնամերձ հողամասեր։