Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի գները նվազել են 1.4%, նախորդ տարբա համեմատ բարձրացել են 13.5%-ով

Հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի գները նվազել են 1.4%, նախորդ տարբա համեմատ բարձրացել են 13.5%-ով
Տնտեսություն
18:11, 07 август 2021
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-հուլիսին, որի համաձայն գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.15% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.2%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:

Սննդամթերքի գներ: 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.4% գնանկում:

Վերջինիս մեծապես նպաստել են մրգի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գրանցված 13.0-2.1% գնանկումը:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ`13.0% գնանկում:

2021թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 7.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.6 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.8% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 75.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 7.0% գնանկում):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 39.4% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.1% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Ձվի գինը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ աճել է 51.3%-ով, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 3.0% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 27.5%):

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 32.2%):

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6%, 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.3% և 1.2%:

2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4% գնաճ: