Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի արտահոսք եղավ, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում վերադարձավ համակարգ. ԿԲ փոխնախագահ

Նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի արտահոսք եղավ, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում վերադարձավ համակարգ. ԿԲ փոխնախագահ
Տնտեսություն
11:09, 26 февраль 2021
Հայաստանում դրամի արժեզրկման պատճառները պայմանավորված են հիմնականում վարքագծային սպասումներով, որը սովորաբար կարճաժամկետ բնույթ է կրում: Այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը:

«Որևէ արտառոց ու վտանգավոր բան չկա, քանի որ ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելի: Ֆինանսական համակարգը չունի այնպիսի վիճակ, որ իր պարտավորությունները ծածկված չլինեն արտարժույթային իրացվելի ակտիվներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք և դրամային, և արտարժույթային իրացվելիություն ենք ներարկել տնտեսություն, որպեսզի հնարավոր լինի սպասարկել և տնտեսությունը, և ֆինանսական համակարգը», -նշեց Երիցյանը:

ԿԲ ներկայացուցչի խոսքով, նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի քանակով արտահոսք եղել է, սակայն դա քիչ է տևել: «Նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի արտահոսք եղավ, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում վերադարձավ համակարգ: Այսինքն՝ մակրոկայունության տեսակետից վստահությունը վերականգնվեց», -հավելեց ԿԲ փոխնախագահը: