Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորին ընդառաջ մսի շուկայում աշխուժություն է․ ՍԱՏՄ-ն զգուշացնում է՝ ոչ սպանդանոցային ծագման միս հայտնաբերելու դեպքում այն կառգրավվի և կտարվի ոչնչացման, ինչի ծախսերը կհոգա տնտեսվարողը․ տեսանյութ

Ամանորին ընդառաջ՝ ինչպես տարբեր ապրանքների, այնպես էլ մսի շուկայում նկատվում է ակտիվություն։ Եվ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի հատկապես Ամանորից առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է զգուշացնել ոչ սպանդանոցային ծագման մսի վտանգավորության մասին։  

Պարբերաբար զգուշացումներն ու մսի վաճառքի կասեցումները, սակայն, ըստ էության մեծ արդյունք չտվեցին։ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու և օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: 

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ օրենքը երեկվանից ուժի մեջ է մտել, իսկ տեսչական մարմինն իր վերահսկողական գործողությունները կշարունակի անել իր սովորական ընթացակարգով, և եթե բողոքներ լինեն հինգերորդ ձևի բացակայության վերաբերյալ, կանդրադառնան այդ հարցին՝ օրենքին համապատասխան։ 

«Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է արդեն 3,5 տարի, բայց որքան էլ մենք հայտնաբերում ենք ոչ սպանդանոցային ծագման միս, որքան էլ, որ կարգադրագիր ենք տալիս այն ոչնչացնելու կամ օգտահանելու մասին, ինչքան էլ որ հետևում ենք, որ դա անպայման այդպես կատարվի, միևնույն է՝ տեսչական մարմնի մարդկային ռեսուրսներն այնքան շատ չեն, որ ամեն մեկի կողքին մեկին կանգնեցնես ու հետևես, որ այդպես լինի։ Եվ շատ դեպքերում մարդիկ շարունակում են այդ միսը վաճառել, երբ որ դու կարգադրագիրը տալիս ես, կնքում ես, գնում ես, ինքը պետք է օգտահանի կամ ոչնչացնի այդ միսը, տնտեսվարողի հույսին է թողնված: Դրա համար, որպեսզի իր վրա չմնա, այլ իր վրա մնան միայն ծախսերը, և ինքը մտնի այդ բեռի տակ, որպեսզի այլևս չբերի ու չվաճառի ոչ սպանդանոցային ծագման բակային միսը, այդ պայմանը դրվեց, որ եթե հայտնաբերվի, կառգրավվի, էլ իր մոտ չի թողնվի, կտարվի ոչնչացման, և ծախսերն էլ կհոգա ինքը»,- ասաց Անուշ Հարությունյանը։ 

Իսկ ինչ վերաբերում է անձնական օգտագործման նպատակով իր տան բակում մորթած կենդանու մսին, Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե  մարդն իր տան բակում մորթել է, ինքը ուտում է կամ այդ միսը բաժանում է իր հարևաններին, դա արդեն իր խնդիրն է և իր հարևանների, իսկ իրացման ցանց այդ մարդկանց մորթած կենդանու միսը հայտնվել չի կարող։ 

«Անձնական օգտագործման և ծիսական նպատակներով վաճառվող միսը կարող է լինել ոչ սպանդանոցային ծագման։ Մեր ամբողջ գործունեությունը իրավաբանական անձանց հետ է, մենք ֆիզիկական անձանց հետ գործ չենք կարող ունենալ»,-ասաց Անուշ Հարությունյանը։         

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան