Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական աշխուժություն եմ նկատում հատկապես մանր և միջին ձեռներեցների գործունեության մեջ՝ ավելի, քան նախկինում. Մանվել Բադալյան

Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը: 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով թեկնածուին, հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինս գնահատում մինչև 2018թ. հեղափոխությունը և դրանից հետո տնտեսական մրցակցությունը մոնոպոլիաների, գործարարների ազատության և հովանավորչության տեսանկյունից:

Ի պատասխան Մանվել Բադալյանը նշեց, որ իր կարծիքով՝ ձեռնարկատիրության ոլորտում պետք է մենաշնորհներ չլինեն. «Եղել են, մեր երկրի անկախության սկզբից եղել են: Հատկապես մանր և միջին ձեռներեցների ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում տնտեսական աշխուժություն, գոնե իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ես տեսնում եմ՝ ավելի, քան նախկինում»:
Ինչ վերաբերում է խոշոր գործարարներին, ներմուծողներին, թեկնածուն ասաց, որ վիճակագրությանը այս պահին չի տիրապետում. «Գիտեմ, որ ՄՊՀ-ն իր գործիքակազմը ավելի կատարելագործել է այդ գերակա դիրքերը սահմանափակելու և դաշտում տնտեսական գործունեության ազատություն ապահովելու իմաստով»:

Մանվել Բադալյանը բոլոր առումներով և բոլոր ասպարեզներում մերժելի է համարում հովանավորչությունը. «Կոռուպցիայի ամենամեծ բաղադրիչներից մեկը մշտապես համարել եմ հովանավորչությունը»: Այնուամենայնիվ նա նշեց, որ դրանք մեր երկրում ունեն  մի քանի պատճառներ. «Դա երևի մեր գենետիկայում կա, մյուսը հետխորհրդային ավանդույթներն են, որոնք բնականաբար հասարակարգի փոփոխությամբ չեն վերանում, և նաև պայմանավորված են նրանով, որ գրեթե բոլորս բոլորիս ճանաչում ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում