Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտագնա աշխատանքի մեկնողների ստացած եկամուտներից որոշակի ժամանակով եկամտային հարկ չենք հարկի. Բադասյան

Արտագնա աշխատանքի մեկնողների ստացած եկամուտներից որոշակի ժամանակով եկամտային հարկ չենք հարկի. Բադասյան
Տնտեսություն
11:28, 23 февраль 2024
Որոշակի բողոքներ կային արտագնա մեկնողների շրջանում, բայց մեր օրենսդրությունը շատ վաղուցվանից նախատեսում է, որ արտագնա մեկնողները նույնպես եկամտային հարկ պետք է վճարեն՝ աշխատանքի երկրում եւ Հայաստանում առկա եկամտային հարկեի տարբերության չափով, բայց դա չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչին են վերաբերում քաղաքացիների բողոքները:
Բադասյանն ասաց. «Այո, Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետեւյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե Հայաստանում, թե արտասահմանում ստացած եկամուտներից հարկ: Որեւէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու: Մենք 2022-ին ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջեւ կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների եւ վճարած եկամտային հարկի մասին: Առաջին անգամ 2023-ին ենք ստացել այդ տեղեկությունը եւ սկսել ենք վարչարարություն իրականացնել եւ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»:

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ ՌԴ-ում գործում է 13 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ, իսկ Հայաստանում 20 տոկոս, քաղաքացին պետք է վճարի 7 տոկոս տարբերությունը: «Օբյեկտիվ դժգոհություններից մեկն այն է, որ եթե ՌԴ-ում չգրանցված աշխտանք է տեղի ունեցել, ապա մենք այդ տեղեկությունը չէինք ստանալու, հետեւաբար, լրացուցիչ հարկային պարտավորություն չէինք առաջադրելու: Իսկ այն դեպքում, երբ գրանցված աշխատողների դեպքում այդ պարտավորությունն առաջանում է»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ դա նաեւ Հայաստանում բոլոր աշխատողներին է վերաբերում. «Հիմա բոլորը կարող են ասել՝ բա Հայաստանում էդքան ստվերային աշխատող կա, ինչի՞ եք մեզնից հարկ վերցնում»:

ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրումով, որն ամբողջական կներդրվի  2026-ից, թիրախավորում են տարբեր հարաբերություններ. «Ինչպես վարձակալության հարաբերություններն ենք լուծել, այնպես էլ փորձում ենք փուլ-փուլ գնալ նրան, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը:

Քանի որ սովորույթի ուժով երբեւէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել եւ եկամտային հարկ չի վճարվել, նաեւ տույժեր են հաշվարկվել: Կարծում ենք, որ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել, վերացնել այս ազդեցությունները եւ գնալ փուլային տարբերակով, հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Եկել ենք եզրակացության, որ եթե ստանում ենք տեղեկատվություն օտարերկրյա պետությունում ստացած եկամտի եւ վճարված հարկերի մասին, ապա տարբերությունը որոշակի ժամանակով կարող են ՀՀ-ում չհարկել»,-ասաց Ռուստամ Բադասյանը: