Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Defanse housing-ը սնանկանո՞ւմ է. կառուցապատողը հերքում է խոսակցությունները

Defanse housing-ը սնանկանո՞ւմ է. կառուցապատողը հերքում է խոսակցությունները
Տնտեսություն
20:30, 27 февраль 2024
Խոսակցություններ կան, թե «Դեֆանս հաուզինգ» ընկերությունը, որը զբաղվում է կառուցապատմամբ և Տիչինայի փողոցում հսկայական բնակելի թաղամաս է կառուցում, ֆինանսական խնդիրներ ունի ու կարող է գնալ սնանկացման։ Համաձայն խոսակցությունների՝ դա կարող է լինել նաև «սարքովի» սնանկացում։ 

Թաղամասից բնակարաններ գնած մի քանի քաղաքացիներ, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցներ հաստատեցին, որ շինարարական աշխատանքների ընթացքը դանդաղել է, միաժամանակ, սակայն, նշեցին, որ շինաշխատանքներն այնուամենայնիվ ընթանում են։ 

Ընկերությունից հերքեցին սնանկացման կամ ֆինանսական խնդիրների մասին խոսակցությունների ճշմարտացիությունը։ Ասացին, որ զուգահեռ թաղամասի այգու հիմնման աշխատանքներ են իրականացնում, որի վրա շուրջ 100 մլն դոլար է ծախսվելու, և եթե ֆինանսական խնդիրների մասին խոսակցությունները ճիշտ լինեին, ապա տրամաբանական չէր լինի շինարարությանը զուգահեռ այդքան մեծ գումար այս պահին ներդնել այգու բարեկարգման աշխատանքների վրա։ Առաջարկեցին մտահոգ մարդկանց տեղում ծանոթանալ կատարվող աշխատանքներին։ Թե որտեղի՞ց են առաջացել այս խոսակցությունները՝ ընկերությունից դժվարացան պատասխանել։ Հնարավոր համարեցին, որ դրանց հեղինակները կարող են իրենց մրցակիցները լինել։ 

Պետական ռեգիստրում «Դեֆանս» անունով մի քանի ընկերություն կա գրանցված՝ «Դեֆանս» ՍՊԸ, որի իրական սեփականատերն ու 100 տոկոս բաժնետերը Վոլոդյա Գասպարյանն է, «Դեֆանս Հաուզինգ Ինվստ» ՓԲԸ, որի իրական սեփականատեր ու 100 տոկոս բաժնետեր է գրանցված Կարեն Կարապետյանը, «Դեֆանս Հաուզինգ Ինվստ» ՓԲԸ ԱՐՀԿ, որի իրական սեփականատեր և 100 տոկոս բաժնետեր է գրանցված Մկրտիչ Մարտիկյանը, «Դեֆանս Ռիելթի» ՍՊԸ՝ իրական սեփականատերն ու 100 տոկոս բաժնետերը Կարեն Կարապետյանն է, և «Դեֆանս տեխսնաբ» ՍՊԸ, որի իրական սեփականատերն ու 100 տոկոս բաժնետերը կրկին Կարեն Կարապետյանն է։
 
Վովա Հակոբյան