Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի և Արմավիրի մարզերից դեռ մթերվել է մոտ 2000 տոննա խաղող. նախորդ տարվա համեմատ այս տարի բերքը մի քիչ պակաս է

Արարատի և Արմավիրի մարզերից դեռ մթերվել է մոտ 2000 տոննա խաղող. նախորդ տարվա համեմատ այս տարի բերքը մի քիչ պակաս է
Տնտեսություն
17:36, 03 сентябрь 2021
Արարատի մարզում մինչև այս պահը մթերվել է մոտ 1500 տոննա խաղող։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ 

«Այս տարի դեռ «Վեդի Ալկո»-ն է մթերել, այս պահի դրությամբ նորմալ գնով՝ 135 դրամով, «Պռոշյան»-ն էլ է սկսել, բայց ցածր գնով է մթերում՝ 110 դրամով, բայց դա արդար չի։ Ե՛վ գործարանների միջև է անհավասարություն մտնում, և՛ խաղողագործների։ Ուրիշ բան է՝ սորտերի միջև տարբերություն լինի։ Պետք է լինի մի գին, որովհետև նույն խաղողագործն էլ պիտի ապրի»,- ասաց Հայկազ Տերտերյանը։
Վերջինս նշեց, որ,  ինչպես նախատեսվում է, այս տարի Արարատի մարզից կմթերվի 100.000 տոննա խաղող։

Հայկազ Տերտերյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ավելի շատ է մթերվել, այս տարի 10-15 տոկոսով պակաս է, ինչը պայմանավորված է կլիմայով։

Նա նշեց, որ ներկայումս մարզից օրական 100-120 տոննա խաղող է դուրս գալիս։

Հայկազ Տերտերյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ քիչ խաղող ունեցողներից շատերը դժգոհում են, որ իրենց հետ որոշ գործարաններ դեռևս չեն ցանկանում պայմանագիր կնքել, որպեսզի սկսեն մթերումը, վերջինս պատասխանեց, որ ոչ մեկն էլ չի կնքում, քանի որ նրանց նպատակը գին գցելն է։

«Ամեն տարի հենց գալիս է սեզոնը, կարծես օտարի հետ գործ ունեն, էլ չեն ասում՝ էդ մարդը վաղը կարող է գնալ պատերազմ իր գործարանը պաշտպանելու համար։ Ոնց որ թշնամի լինեն։ Չի կարելի այդպես, խաղողագործն իր միլիոնի վարկն է ուզում փակել»,- ասաց Հայկազ Տերտերյանը։ 

Մենք զրուցեցինք նաև Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին իրենց մարզում մթերվել է մոտ 500 տոննա խաղող։

«Այս պահին դեռ մի գործարան է սկսել մթերումը, որոշ համայնքներ տարել են Սասունիկ, դա մյուս մարզում է՝ Արագածոտնում։

Հիմնականում սեպտեմբերի 10-13-ից նոր մեր գործարանները կսկսեն մթերելը, սպասում են շաքարայնությունն ավելանա, ինչն ավելի ձեռնտու կլինի հա՛մ բնակչի, հա՛մ գործարանի համար։ Այստեղ՝ «Պռոշյան»-ի գործարանում, 110-135 դրամով են մթերում՝ որակից կախված, իսկ Երևանի կոնյակի գործարանը՝ 155 դրամով, որն իր գինը պահպանում է։ Մի-երկու գործարան ռեալ քանակ չեն ասել, մի քանի օրից նոր իրենց հնարավորությունները կասեն՝ ինչքան են մթերելու ու ինչ գնով»,- ասաց Արթուր Այվազյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենց մոտ նախատեսում են մթերել 80.000 տոննա խաղող։ Նա ևս նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մի քանի տոկոս պակաս կլինի։

Հարցին, թե իրենց մարզում խաղողագործների համար պայմանագիր կնքելու հետ կապված խնդիր առաջացել է, թե ոչ, Արթուր Այվազյանն ասաց, որ նման խնդրի մասին չի լսել։

Լիլիթ Թադևոսյան