Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախկինում թուրքական ապրանքներ ներմուծողների մեծ մասն արդեն գտել է նոր շուկաներ»․ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

«Նախկինում թուրքական ապրանքներ ներմուծողների մեծ մասն արդեն գտել է նոր շուկաներ»․ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
Տնտեսություն
13:02, 03 февраль 2021

«Հայաստան ներկրվող թուրքական ծագման ապրանքների 80 տոկոսն արգելվել է։ Հիմա փոփոխություն է կատարվել, որով սահմանափակվել են նաև սննդամթերքին վերաբերող ապրանքատեսակները։ Թուրքական ծագման հիմնական խոշոր ապրանքատեսակներն էին հագուստը, ցիտրուսային պտուղները, նավթամթերքը, և այլն»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։


Թուրքական ծագման ապրանքների բացը լրացնելու համար և՛ գնային, և՛ որակական հատկանիշները հաշվի առնելով՝ նախարարությունը գործարարներին առաջարկել է այլ շուկաներ, որտեղից կարելի է ներմուծել նախկինում Թուրքիայից բերվող ապրանքատեսակը։  

«Հիմնականում շուկաներն են՝ Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԵԱՏՄ երկրները, ցիտրուսային պտուղների մասով նաև Հունաստանը, Եգիպտոսը և Հարավային Աֆրիկայի երկրները։ Շատ ապրանքներ փոխարինում ենք նաև Բելառուսից։ Իրանի հետ ունենք ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, ապրանքները կարողանում ենք Իրանից ներմուծել գնային առումով համահունչ և թուրքական որակին և արժեքին։ Վրաստանի հետ նույնպես ունենք ազատ առևտրի համաձայնագիր, այսինքն մաքսատուրքի դրույքաչափը զրոյական է և նույնպես գնի մասով տալիս է որոշակի արդյունավետություն»,-ներկայացրեց Նաիրա Կարապետյանն ու հավելեց, որ արդեն մի շարք գործարարներ իրենց ներմուծման շուկաները փոխել են, և գտել են յուրաքանչյուրն իր ապրանքատեսակի մասով ներմուծման թիրախային շուկաներ, և այս պահին արդեն ներմուծում են այլընտրանքային շուկաներից։


Մեր զրուցակցի խոսքով՝ թուրքական ծագման ապրանքների արգելքի ցանկում հիմնականում ներառված են վերջնական ծագման ապրանքները, իսկ հումքը շարունակվում է ներմուծվել, որպեսզի գործարար համայնքը չունենա լուրջ խնդիրներ։

Թուրքական ծագման ապրանքների արգելքը սահմանվել է 6 ամսով, և հունիս ամսին պարզ կդառնա՝ արդյոք պետք է երկարացնել այն, թե ոչ։

«Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի մասով ունենք որոշակի պարտավորություն մենք կարող էինք դեռևս 6 ամիս ժամկետով սահմանել արգելքը, բայց եթե անհրաժեշտությունը լինի՝ կարող ենք երկարաձգել։ Դրա իրավունքը նույնպես ունենք։ Եվ 2 ամիս հետո նոր կարելի է գնահատական տալ, թե նշված արգելքը ինչքանով է նպաստել  և գործարարի, և տնտեսության վրա",-եզրափակեց Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետը։ 


Նշենք, որ թուրքադրբեջանական ուժերի կողմից 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից շուրջ 44-օր Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դրդեց ՀՀ կառավարությանը որոշում կայացնել՝ 2021թ․ հունվարի 1-ից արգելելու թուրքական ծագման 2000-ից ավելի ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան։  


Նարա Մարտիրոսյան