Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով․ ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցություն»․ ԿԲ նախագահ

«Գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով․ ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցություն»․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
16:48, 14 сентябрь 2021
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ընթացքում ասաց, որ այսօր կայացած նիստի ընթացքում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7,25 տոկոս։ ԿԲ նախագահը նշեց նաև, որ 2021 թվականի օգոստոսին արձանագրվել է 0,4  տոկոս գնաճ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի՝ 0,1 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12 ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջում կազմել է 8,8 տոկոս։ Բնականոն գնաճը, ըստ Մարտին Գալստյանի խոսքերի, ևս պահպանվել է 8 տոկոսի շրջակայքում։ «2021 թվականի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կոռոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղեցմանը և բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի սպասվածից արագ տեմպերով աճը։ Ստեղծված իրավիճակում մի շարք առաջարկի և պահանջարկի գործոնների ազդեցությամբ նաև գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն», - ասաց Մարտին Գալստյանը։

2021 թվականին, ըստ Մարտին Գալստյանի, Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական՝ պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտների ավելի մեծ աճերով։ Համախառն պահանջարկը ևս աճում է սպասվածից փոքր-ինչ արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել մասնավոր սպառման բարձր աճը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը։ Մարտին Գալստյանի խոսքերով, մասնավոր ներդրումների աճը պահպանվում է համեմատաբար զսպված։ «Նման պայմաններում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման, արտադրական կարողությունների ընդլայնման համար առաջանցիկ աճը ներկայումս նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը։ Վերջին ամիսներին, գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում։ Մյուս կողմից, թե՛ արտաքին հատվածից, թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել  հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ վերջին շրջանում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետ գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ։ Նման նպայմաններում նախատեսվում է, որ մինչև տարեվերջ 12  ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև, 2022 թվականին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ», - ասաց ԿԲ նախագահը։

Անդրադառնալով Իրանից եկած բեռների համար ադրբեջանական կողմից առաջացած խոչընդոտների հետևանքով առաջացած տնտեսական հնարավոր հետևանքների մասին հարցին, Մարտին Գալստյանն ասաց, որ իրենք դիտարկում են բազային սցենար և բազային սցենարի շուրջ՝ որոշակի այլընտրանքային սցենարներ։ «Բազային սցենարի մեջ որոշակի ռիսկեր կան հաշվարկված, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք ներառված են բազային սցենարի մեջ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից», - ասաց Մարտին Գալստյանը։