Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային շուկայում երեկ գազ գնի ռեկորդ է եղել․ Արդյո՞ք ունենք որոշակիություն՝ եկող տարի Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ․ Արմեն Գևորգյանի հարցը՝ փոխվարչապետին

«Միջազգային շուկայում՝ Եվրոպայում գազի գնի բարձրացման ռեկորդային գներ են գրանցվում, երկրորդը՝ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են եկող տարվա հետ կապված գազի սակագնի վերաբերյալ, և երրորդը՝ երեկ Հայաստանում բանակցություններ էին տեղի ունենում «Գազպրոմի» նախագահի և մեր կառավարության միջև։ Հաշվի առնելով այս ամենը՝ արդյո՞ք մենք ունենք որոշակիություն եկող տարի Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ»,- այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով հարցին՝ նախ նշեց, որ գազի գնի որոշակի անորոշություն կա և երեկվա դրությամբ ռեկորդ է եղել միջազգային շուկայում՝ գազի գինը 1000 խմ-ի համար կազմել է 800 դոլար․ «Բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ մշտական բնույթ են կրում, և մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին՝ խոսելով առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից, որ 2013թ․ համաձայնագրի շրջանակներում  եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով իրենց չի բավարարում։ Հենց հիմա էլ բանակցությունների գործընթաց է գազի գնի հետ կապված»։