Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարող ենք համարել, որ 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն է. կարծում եմ, որ շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին՝ իրական թվերով». Վահան Քերոբյան

«Կարող ենք համարել, որ 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն է. կարծում եմ, որ շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին՝ իրական թվերով». Վահան Քերոբյան
Տնտեսություն
13:10, 16 сентябрь 2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ասաց, որ անհանգստացած են եղած իրավիճակով և համարում են, որ այս իրավիճակը մեծ վնաս է հասցնում տնտեսությանը և զբոսաշրջությանը։ 

«Ես գիտեմ, որ մեր արտգործնախարարությունը, ԱԱԾ-ն, պաշտպանության նախարարությունը իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը օր առաջ լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն, ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները»,- ասաց Քերոբյանը և հավելեց, որ մասնակցել է պատերազմին և շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում և ինչու։ Քերոբյանն ասաց նաև, որ իրենց գործողություններով փորձում են էսկալացիա թույլ չտալ և միաժամանակ խնդիրները հերթով լուծելով առաջ գնալ։ 

Անդրադառնալով խաղողագործների խնդիրներին՝ Քերոբյանն ասաց, որ նախորդ տարի կոնյակ շատ քիչ է սպառվել, և խնդիրը սրանից է առաջացել։ «Բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի ընկնենք նորմալ հունի մեջ, իսկ մինչ այդ, այսպես ասած, «ռուչնոյ ուպռավլենիայով» խնդիրները լուծենք։ Խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ ենք և, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ հարցով»,- ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություններ են արել, որպեսզի կարողանան ավելի շատ վարկեր ներգրավել և ավելի շատ խաղող մթերել։ Նախարարը նաև նշեց, որ որոշ ժամանակ առաջ էլ պետական երաշխիքների ինստիտուտն են ներդրել և այլն։

Վերադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և հանգիստ ապրել կարողանալու մասին հարցին՝ Քերոբյանն ասաց. «Մոտ երկու շաբաթ առաջ, երբ նախորդ միջադեպը եղավ Սյունիքում և ապա լուծվեց, մի օգտատեր ինձ գրել էր. «այսպես ո՞նց կարող ենք ապրել, ամեն ինչ քանդվում է» և այլն, և այլն, բայց մի կես ժամ հետո էդ նույն մարդու սթորիները որ նայում ես՝ քեֆերի մեջ էր։ Հիմա ձեր հարցին որ վերադառնանք՝ դուք այսօր նորմա՞լ եք ապրել, գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Նաև ձեզ նայեք՝ այսօր ի՞նչ եք արել։ Բոլորս էլ նորմալ կյանքով ապրում ենք, և դրամատիզացնելը միայն վնաս է տալիս։ Կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Վահան Քերոբյանը։ 

Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին՝ Քերոբյանն ասաց, որ միջազգային տարբեր գործընկերներ տարբեր կանխատեսումներ են անում։ Նույն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը հիմա կանխատեսում է 6,6 տոկոս տնտեսական աճ, ապրիլի 23-ին կանխատեսում էր 1 տոկոս։ «Իհարկե, գործընկերներին հասկանալ կարելի է։ Կային բազմաթիվ անորոշություններ՝ ընտրությունների հետ կապված, քաղաքական, ռազմական իրավիճակով պայմանավորված, և իրենք սովորաբար ընտրում են ամենահոռետեսական գնահատականը, և հիմա կարող ենք համարել, որ այդ 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն է։

Տեսնենք, շատ ֆակտորներից է կախված։ Ես կարծում եմ, որ շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին՝ իրական թվերով»,- եզրափակեց նախարարը։