Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական պարտքը 2022թ. տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը. ֆինանսների նախարար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագիրը թիրախավորել է երկարատև տնտեսական աճի ապահովումը, առնվազն տարեկան 7 տոկոս. «Նախատեսվում է, որ 2022թ. ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0.9 տոկոսային կետով և 2022թ. վերջին հասնի ՀՆԱ-ի 23.4 տոկոսին»: 

Նրա խոսքով՝ բյուջեի ծրագրով առաջնահերթ են մակրոտնտեսական կայունությունը և պետական պարտքի կառավարելիությունը. «Պետական դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3.2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ տարեվերջին ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: 2022թ. բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27.8 տոկոսը»:

«Տնտեսության և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող պետական ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ բարձր աճ և կհասնեն ՀՆԱ-ի 4.4 տոկոսին: Կապիտալ նշանակության ծախսերը կկազմեն մոտ 350 մլրդ դրամ: Մեծ թափ կստանան ոռոգման ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները, այդ թվում՝ ջրամբարաշինության նոր ծրագրերի իրականացումը»,- նշեց ֆինանսների նախարարը:

Նախարարը նշեց, որ ենթակառուցվածքների զարգացման ուղղվող ծրագրերին կհատկացվի 278.6 մլրդ դրամ, գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին՝ 223.3 մլրդ դրամ, սոցապահովության ծրագրերին՝ շուրջ 580 մլրդ, ինչը նախորդ տարվա բյուջեի գումարը գերազանցում է շուրջ 15 տոկոսով:
 
«2022-ը լինելու է բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը սպասարկող մեխանիզմների և կանոնակարգերի հղկման և կատարելագործման ժամանակաշրջան, ինչի արդյունքում մտադիր ենք իրականացնել հանրության ֆինանսական միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը»,- ամփոփեց ֆինանսների նախարարը և հավելեց, որ բյուջեն լինելու է ճկուն: