Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի է․ Վահագն Խաչատուրյան

Բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի է․ Վահագն Խաչատուրյան
Տնտեսություն
20:16, 01 октябрь 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով, Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում, Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։ Խոսելով երկու երկրների միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացները։ Նախարարը շեշտել է, որ  Ճապոնիան թվային արդյունավետությամբ աշխարհում առաջատարներից է, և այս ոլորտում արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան։ 

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նշել, որ Հայաստանը՝ որպես գործընկեր,  շատ կարևոր երկիր է  Ճապոնիայի համար։ Ֆուկուսիմա Մասանորին կարևորել է տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը, երիտասարդների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան, և ճապոնական կողմը համագործակցության մի շարք հնարավորություններ է տեսնում մեր երկրում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ 2022 թվականին ճապոնացի փորձագետների խումբը կաշխատի մեր մասնագետների հետ։