Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով. Վահագն Խաչատուրյան

Բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով. Վահագն Խաչատուրյան
Տնտեսություն
19:36, 11 октябрь 2021
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Եվ հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը: 
Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:

Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:

Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։

Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում: