Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամն արժևորվում է՝ հաղթահարելով կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած ճնշումները

Հայկական դրամը տարեսկզբի համեմատ ոչ միայն կայունացել է, այլև որոշ արժույթների նկատմամբ արժևորվել: Այսպես, օրինակ, հունվարի մեկի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 8.8 տոկոսով կամ 46 դրամով (522-476), եվրոյի նկատմամբ 13.3 տոկոսով կամ 85 դրամով (639-554), թուրքական լիրայի նկատմամբ 27.1 տոկոսով կամ 19 դրամով (70-51), ռուսական ռուբլու նկատմամբ շուրջ 4.3 տոկոսով կամ 0.3 դրամով (7-6.7), բելառուսական ռուբլու նկատմամբ 3.9 տոկոսով կամ 8 դրամով (203-195), իսկ վրացական լարիի նկատմամբ 4.4 տոկոսով կամ 7 դրամով (158-151):

Տնտեսագետների գնահատմամբ՝ դրամի արժևորման վրա 2 գործոն է ազդել, որոնցից մեկն արտահանման ծավալների աճն է. գրում է Հանրային ՀԸ-ն:

Կարեն Սարգսյան, տնտեսագետ - Սեպտեմբերի դրությամբ՝ արտահանման շուրջ 21.8 տոկոս աճ է գրանցվել: Իսկ դա նշանակում է նաև արտարժութային հասույթների աճ, որը նաև ներքին շուկայում, բնականաբար, արտարժույթի ծավալի առաջարկի վրա է ազդելու դրական կերպով: Եվ հաջորդը նաև մասնավոր տրանսֆերտների աճն է արտերկրից՝ հիմնականում ԱՄՆ-ից, դոլարի հոսքերի տեսքով, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 30-35 տոկոսով աճ է գրանցել:

Ազգային ժողովի իշխող խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը դրամի արժևորումը կարևորում է գնաճի թուլացմանը նպաստելու տեսանկյունից:

Արուսյակ Մանավազյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Նախորդ տարի տնտեսության վրա շոկերի առաջացման պատճառով ունեինք դրամի անկում, ոչ կայուն վիճակ: Այս պահին տնտեսության վիճակը կարող ենք ասել, որ սպասվածից ավելի լավ է և որի շնորհիվ ունենք կայունություն՝ դրամի նկատմամբ:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմությունը դրամի արժևորումն արհեստական էր համարում՝ նշելով, որ համախառն միջազգային պահուստներն են ծախսվում դրա համար, սակայն այս պահին, երբ պահուստներն աճել են, նրանք լռում են: Նա նշեց այն գործոնները, որոնց շնորհիվ դրամը կշարունակի կայուն մնալ:

Արուսյակ Մանավազյան - Ինչքան տնտեսական ակտիվությունն ավելանա, արտահանման ծավալները մեծանան, դրամաշրջանառությունը երկրում մեծանա, նաև տրանսֆերտների ներգրավվումն արտարժույթով երկիր շատանա, այդքան դրամի նկատմամբ կայունություն կապահովվի:

Տնտեսագետների գնահատմամբ՝ Հայաստանի ֆինանսական շուկան, դրամը կայուն են, և դա դրական ազդակ է, սակայն կարևոր է նաև, որ գերարժևորում չլինի:

Կարեն Սարգսյան - Պետք է որոշակիորեն ինչ-որ սահման գտնել, որպեսզի այդ արժևորումն իր չափի մեջ լինի, նպաստի տնտեսությանը բոլոր ոլորտներում: Բացի այդ, սա դրամի գերարժևորումը կարող է վնասել այն քաղաքացիների սպառողական ծախսերի իրականացման հետ կապված, որոնք ունեն, հիմնական հասույթն ստանում են արտերկրից՝ տրանսֆերտների տեսքով, փոխանցումների ձևով:

Դրամի արժևորումը մի շարք արժույթների նկատմամբ կարևոր է հատկապես ներմուծման տեսանկյունից: Համադրելի երկրներից հարևան Վրաստանում գնաճը սեպտեմբերին 12 տոկոսից բարձր է, ինչի վրա էականորեն ազդել է հենց լարիի արժեզրկումը: Իսկ Հայաստանում գնաճը նույն սեպտեմբերին 8,9 տոկոս է եղել. սա նշանակում է, որ դրամի արժևորման արդյունքում կարողացել ենք խուսափել ավելի մեծ գնաճային ճնշումներից: