Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԲՏԱ նախարարին ոգևորել է DigiТec Expo 2021-ում կայացած ընկերությունների կողքին ստարտափների մասնակցությունը

ՀՀ ԲՏԱ նախարարին ոգևորել է DigiТec Expo 2021-ում կայացած ընկերությունների կողքին ստարտափների մասնակցությունը
Տնտեսություն
22:22, 29 октябрь 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվող DigiWeek2021 միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել DigiТec Expo 2021 ցուցահանդեսի բացումը։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից,  իր խոսքում Ալեքսանդր Եսայանը նախ անդրադարձել է Կարեն Վարդանյանի ունեցած դերին այս միջոցառման կայացման գործում՝ ցավով նշելով, որ այս տարի առաջին անգամ DigiТec-ն անցկացվում է առանց նրա։ Այնուհետև, ԱՏՁՄ նախագահը խոսեց այն ձեռքբերումների մասին, որ վերջին տարիների ընթացքում գրանցել  է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի հանդիսավոր բացման արարողությունը, որը վերապահվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանին։

Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շրջեցին ցուցահանդեսի  տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափներից մինչև արդեն կայացած, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ։
Նախարար Վահագն Խաչատուրյանը, անցնելով տաղավարներով, ծանոթացավ ընկերությունների գործունեությանը, ձեռքբերումներին, հետագա ծրագրերին։

ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ, խոսելով նման միջոցառումների կարևորության մասին, նախարարը նշել է, որ անչափ ոգևորիչ է կայացած ընկերությունների կողքին տեսնել նորաստեղծ ստարտափների, ինչպես նաև «Արմաթ» ծրագրի շրջանակներում երեխաների մասնակցությունը։
«Կարևոր է, որ Հայաստանում կա այն միջավայրը, որտեղ կազմակերպությունները հնարավորություն են ստացել իրականացնել իրենց գաղափարներն ու աշխատանքները։ Շատ կարևոր է նաև, թե այստեղ ներկայացված գաղափարները ինչքանով կիրառելի կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծել է նախարարը։

DigiТec Expo 2021-ի բացմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ։