Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը դառնում է գաստրոնոմիական և գինու զբոսաշրջային ուղղություն. Forbes

Հայաստանը դառնում է գաստրոնոմիական և գինու զբոսաշրջային ուղղություն. Forbes
Տնտեսություն
15:09, 30 октябрь 2021
Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու գաստրոտուրիզմի սիրելի ուղղություն աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Forbes-ում հոդված է հրապարակել Էն Աբելը, ով աշխարհի տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների հետ ժամանել է Հայաստան՝ բացահայտելու մեր երկրի խոհանոցային գրավչությունը:

«Հայաստանում բարություն և առատաձեռնություն կա: Ես զգացի դա Երևանի Գումի շուկայում, որտեղ վաճառողներն անհավատալի շռայլ գտնվեցին՝ մեզ անվճար առաջարկելով համտեսել չորամրգեր, շաքարապատ նուշ, մարինացված վարունգ և սխտոր, ինչպես նաև աղի պանիր»,- գրում է հոդվածի հեղինակը:


Հայաստանի տարբեր կետերում նա փորձել է հայկական խոհանոցի նրբաճաշակ համերը ու խմել հայկական գինին: «Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Ես դրա վկան դարձա այստեղ ունեցած իմ շատ զրույցներում: Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Հայաստանում՝ առաջինն աշխարհում, քրիստոնեությունը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին: «Լուսավորում»-ը՝ իր ժամանակակից իմաստով, շարունակում է այստեղ կարևոր արժեք համարվել: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ շուրջ 23 հազար ձեռագրեր պարունակող հավաքածուից: Դա շատ բանի մասին է խոսում հայերի վերաբերյալ, ովքեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանության ժամանակ նախընտրում էին պաշտպանել հիասքանչ գրքերը: Այսօր, նոր սերունդը փորձում է կրթությունը՝ գիտելիքի ու տեխնոլոգիական լուսավորումն արտահանել: Դիլիջանի UWC քոլեջը գրավում է ուսանողների ողջ աշխարհից՝ ուսման ավարտից հետո հետ ուղարկելով հայկական յուրօրինակ լուսավորությամբ»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ հայկական ուտելիքները բազմազան են, պարունակում են շատ հետաքրքիր թարմ համեմունքներ: Հեղինակը պատմում է նաև հայկական գինիների լայն տեսականու և նուրբ համերի մասին:

«Մշտապես կտեսնեք մեծ թվով լավաշ՝ արագ պատրաստվող լոշիկներ, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության շարքում»,- գրում է Էն Աբելը՝ եզրափակելով. «Այս երկիրը պատրաստ է ուշադրության»: