Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ ձևակերպումը ճիշտ չէ. ոչ թե 6 մլրդ-ը չի գնացել պետբյուջե, այլ չի գանձվել՝ իրավախախտում չի կատարվել. Ֆիդանյանը՝ Իշխան Զաքարյանին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին ասաց, թե 11 մլրդ 119 մլն դրամ նախատեսվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ՃՏՊ-ների կանխարգելման նպատակով. «Կարո՞ղ եք սա մի քիչ բացել, ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ծրագրերի տակ եք դուք ուզում 11 մլրդ-ը ծախսել»:

Պատգամավորն անդրադարձավ նաև արագաչափերով, տեսադիտարկման խցիկներով կազմված ակտերի հիման վրա պետբյուջե մուտք արվող գումարներին. «Ձեր մոտ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականին պետբյուջե  պետք է մուտք արվեր 10.5 մլրդ դրամ, սակայն կատարվել է 7.5 մլրդ դրամի մուտք: 2019 թվականին՝ 11. 7 մլրդ դրամ և էլի 3 մլրդ դրամով պակաս՝ 8.7 մլրդ: Երկու տարվա կտրվածքով պետբյուջե մուտք չի արվել 6 մլրդ դրամ: Որո՞նք են պատճառները»:

Պատասխանելով՝ փոխոստիկանապետն ասաց. «Կանխատեսումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ տևական ժամանակ հանրապետություն են ներմուծվել մեծ քանակությամբ ավտոտրանսպորտային միջոցներ, ինչը ենթադրում էր, բնականաբար, ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման թվի աճ: Երբ խոում ենք, թե ինչու է ավել կամ պակաս, ոստիկանության աշխատանքն այստեղ ազդեցություն չի կարող ունենալ: Այս տարի մենք ունենք էական աճ: Նախորդ տարին պայմանավորված էր թե համավարակով, թե պատերազմական իրավիճակով: Կարծում եմ՝ ձևակերպումը ճիշտ չէ. ոչ թե 6 մլրդ-ը չի գնացել պետբյուջե, այլ չի գանձվել, իսկ չի գանձվել, որովհետև իրավախախտում չի կատարվել»:

Ինչ վերաբերում է առաջին հարցին, Արա ֆիդանյանը նշեց. «Ավելացել են պետհամարանիշների, տարբեր փաստաթղթերի՝ վարորդական իրավունքների, անձնագրերի տրամադրման ծախսերը»: