Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները և պետտուրքերը կանխատեսվում են տրիլիոն 843.8 մլրդ՝ 16.6 տոկոսով ավելի 2021-ից. ՊԵԿ նախագահ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները և պետտուրքերը կանխատեսվում են տրիլիոն 843.8 մլրդ, ինչը 262.8 մլրդ-ով կամ 16.6 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին սպասվող ցուցանիշները: Եվ նախատեսվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշով մենք պետք է 22.5 տոկոսից հասնենք 23.4 տոկոսի, ինչը ենթադրում է 0.9 տոկոսային կետով ավելի»,- հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Ներկայացնելով անելիք գործողությունները՝ ՊԵԿ նախագահը ասաց. «Մենք հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների էլեկտրոնային համակարգն ենք գործարկելու, կատարելագործվելու է երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մշակման էլեկտրոնային համակարգը, կատարելագործվելու և հզորացվելու են էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունները՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, և այլն»:

Խոսելով աշխատատեղերի մասին՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141. «Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է. երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել, և հարկման բազան հասել է 145.294 մլրդ-ի, մեկ անձի հաշվարկով միջին աշխատավարձը՝ 223.137»: Այս առումով ՊԵԿ նախագահը կարևորեց նաև վարչարարությունը:
«Հարկային եկամուտների բացարձակ աճը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, կազմում է շուրջ 144 մլրդ՝ 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- նկատեց նա: