Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. ՀՀ բյուջեից դատական իշխանությանը հատկացվող բյուջեն միայն առաջին հայացքից է ավելացել. այն նվազել է 628 մլն 936 հազար 400 դրամով. Խաչիկ Ղազարյան

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:  

«Բարձրագույն դատական խորհուրդը և ՀՀ դատարաններն իրականացնում են մեկ ծրագիր՝ դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում: Ըստ համապատասխան գերատեսչական դասակարգման՝ գումարը կազմում է 14 մլրդ 341 մլն 250 հազար 400 դրամ, մինչդեռ ԲԴԽ-ի կողմից բյուջետային հարկ էր ներկայացվել 14 մլրդ 237 մլն 497 հազար դրամի»,- նշեց Դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը:

Նա հավելեց, թե առաջին հայացքից կարող է թվալ, թե բյուջեն ավելացել է 103 մլն 753 հազար 400 դրամով. «Սակայն այն նվազել է 628 մլն 936 հազար 400 դրամով և ավելացվել է 2 միջոցառում: Միջոցառումներն են՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բնականոն գործունեություն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովում, որոնց համար ավելացվել է 718 մլն 323 հազար 500 դրամ, սակայն վերջինիս հայտը ԲԴԽ-ն դեռևս չի ուղարկել»:

Խաչիկ Ղազարյանը նշեց նաև, որ 2021-ի բյուջեի համեմատ պետք է ավելացվի 59 դատավոր: