Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով
Տնտեսություն
12:51, 03 ноябрь 2021
2022թ-ի պետական բյուջեով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 1 մլրդ 602.5 մլն դրամ, իսկ վարչապետի աշխատակազմի համար՝ 19 մլրդ 675 մլն դրամ ֆինանսավորում: Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

2022թ-ի պետական բյուջեով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացնում, որում ներառված է երկու միջոցառում.

«Պետբյուջեի նախագծով առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021-ի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021-ի համար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Վարչապետի աշխատակազմը 2022թ-ի ընթացքում կիրականացնի 11 ծրագիր, որոնցից 2-ը՝ Սփյուռքի գծով: Այդ ծրագրերում ներառված է 45 միջոցառում։

2022թ-ի պետական բյուջեով այդ նախագծերը ֆինանսավորվելու են 19 մլրդ 675 մլն դրամով: 2021թ-ի բյուջի համեմատ 34.5% նվազում կա, ինչը, նախարարի խոսքով՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022-ին պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից:

ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց: