Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կհատկացվի մոտ 351 մլն դրամ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կհատկացվի մոտ 351 մլն դրամ
Տնտեսություն
16:36, 03 ноябрь 2021
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովը գալիք բյուջետային տարում  իրականացնելու է  «Կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվելու են «Կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարքության համակարգի զարգացում» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  կարողությունների զարգացում եւ տեխնիկական հագեցվածության ապահովում»  միջոցառումները:

Միջոցառումներն  իրականացնելու համար  համապատասխանաբար կհատկացվի 334 եւ 17 մլն դրամ:

2022-ին հանձնաժողովին ընդհանուր առմամբ հատկացվելու է մոտ 351 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումների  համեմատ ավելացել է շուրջ 50 տոկոսով:

Արամայիս Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատակազմի թիվն ավելացել է, այն դեռեւս աճելու միտում ունի, ինչը պայմանավորված է հանձնաժողովին վերապահված գործառույթների մեծ ծավալով: «Հանձնաժողովի ծախսերը, կարիքները  շատ ավելին են, սակայն դրանք փոխհատուցվում են մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների  աջակցությունների շնորհիվ»,- ասել է նա: