Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով
Տնտեսություն
18:55, 03 ноябрь 2021
Նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացնել 1.92 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ, 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս»-ներկայացրեց Խաչատրյանը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիշեց՝ այս տարվա մարտ-ապրիլ ամսին Ֆինանսների նախարարությունը պատրաստել էր օրենսդրական նախաձեռնություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդվածներից մեկը փոխելու, ֆինանսավորումը կրճատելու: «Մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում միջազգային, և դա առկախվեց»,-ասաց պատգամավորն ու հարցրեց, թե արդյոք այդ նախագիծը դեռ մնում է օրակարգում:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախագիծը, քանի դեռ կառավարության կողմից ԱԺ սահմանված կարգով քննարկման ներկայացված չէ, նշանակում է՝ չունի այն կարգավիճակը, որ հիմա դա քննարկեն: