Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ին հատկացվելու է 18 մլրդ 653 մլն դրամ. Վահե Գևորգյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ինչպես նշեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ուղղված է ՀՀ արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանն ու բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային կազմակերպություններում և նրա գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

«Նախորդ տարվա աշնանը Արցախի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով պայմանավորված՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատումը և ապաշրջափակումը»,- ընդգծեց Վահե Գևորգյանը:

Նա հիշեցրեց Արցախյան հիմնախնդրի լուծման ՀՀ դիրքորոշումը, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և  տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա. «Դա ենթադրում է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը: Այս փուլում առաջնային նշանակություն ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ առաջնային է նաև Ադրբեջանում գերիների և պահվող անձանց հայրենադարձումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը. «Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում»:

Նա հավելեց, որ ՀՀ առաջնահերթությունների շարքում է Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը:

Վահե Գևորգյանն ընդգծեց, որ տարածաշրջանի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին:

Անդրադառնալով բյուջետային հայտին՝ նա ասաց, որ, ինչպես արդեն նշվեց, կան 8 ծրագրեր. «Ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ»: