Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խայտառակ թվեր են. 82 մլն-ն ի՞նչ թիվ է Բելառուսի հետ ապրանքաշրջանառության համար». Խաչատուր Սուքիասյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հարց ուղղելով էկոնոմիկայի նախարարին, ասաց. «30 տարիների ընթացքում մեր դեսպանատները, որոնք բյուջեից մեծ գումարներ են ծախսել, տնտեսական ոչ մի օգուտ չեն տվել, տնտեսական կցորդները ոչինչ չեն արել։ Հիմա դա թողնենք որպես պատմություն։ Հիմա ունենք Եվրասիական միություն, ունենք դեսպանատներ, արդյոք չե՞նք հասկանում, որ այդ դեսպանատները մի քիչ այլ ձևով պետք է աշխատեն»։   

Սուքիասյանը նշեց, որ մեր դեսպանատները պետք է հանդիսանան մեր և տվյալ երկրների  գերատեսչությունների միջև կապող օղակ։  «Եվրասիական միությունում պրոտեկցիոն շատ գործիքներ են կիրառվելու, Եվրասիական միությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ներսում գտնվող ապրանքներն ավելի մեծ հնարավորություններ ունենան, ինչը նորմալ է բոլոր երկրների և միությունների դեպքում։ Հիմա մեր արտաքին քաղաքական համակարգը գիտակցո՞ւմ է, որ այդ դեսպանատները, ենթադրենք՝ Բելառուսում, Ղազախստանում, պետք է ամեն օր աշխատեն, թե ի՞նչ կառույցներ իրար միացնեն, հարթակ ապահովեն, բաղադրիչներ ձեռք բերեն։ Նույնիսկ դեսպաններ նշանակելիս պետք է հաշվի առնել տվյալ անձի ոչ միայն դիվանագիտական հմտությունները, այլև նա պետք է ինչ-որ չափով տնտեսությունը պատկերացնի»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։ 

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ղևոնդյանը, պատասխանելով հարցին, ներկայացրեց վիճակագրական թվեր՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ էր 48 մլն դոլարին, իսկ 2020 թվականին հասել էր մոտ 82-84 մլն դոլարի։ «30 տարվա մեջ Հայաստանի արտահանման բաժինը երբեք չէր գերազանցել 15 տոկոսը, և օգտագործելով Ձեր կողմից մատնանշված Եվրասիական միության գործիքները՝ հասանք նրան, որ Հայաստանի արտահանումը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ կազմեց 24 տոկոս»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը։  

Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանը բերեց գյուղտեխնիկայի օրինակը և նշեց, որ 2019-ից, երբ պետությունը տարբեր գործիքներով աջակցեց գյուղտեխնիկայի ձեռք բերման գործընթացին, դրա ծավալները ֆանտաստիկ կերպով սկսեցին աճել։ «Մենք խոսում ենք երկու պետությունների մասին և ասում՝ 42 մլն դոլարից աճեց 82 մլն դոլարի։ Մեր գիտակցությամբ՝ մենակ մի կազմակերպություն պետք է այդքան արտահանում կամ ներմուծում իրականացներ։ Խայտառակ թվեր են։ 82 մլն-ն ի՞նչ է։ Պետք է ամեն օր աշխատել։ Ես ասում եմ՝ նոր հարթակ, նոր ձևեր, մասնագետներ պետք է գտնել»։  

Պատասխանելով՝ Ղևոնդյանը նշեց, որ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ Բելառուսի հետ ապրանքաշրջանառության թվերը դեռ լավ են, մյուս երկրների հետ ունեցած ցուցանիշներն ավելի պակաս են։