Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի համար ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ՝ 76.7 մլրդ-ով ավելի 2021-ի համեմատ. նախարար

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ոլորտի համար 2022թ. ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով. «Սակայն պետք է նշել, որ սրանից 36.2 մլրդ-ը կուտակային հատկացումների հաշվին է և 34.7 մլրդ-ը պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցումն է»: 

Նախարարը ներկայացրեց ծրագրերը, որոնց համար հատկացվել է բյուջեն: «Մասնավորապես, պարգևավճարների և պատվովճարների ծրագրի համար նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35.430 շահառուի համար: Անապահով սոցիալական խմբերի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 206 հազար դրամ: Սոցփաթեթի ապահովման ծրագրի համար նախատեսվում է 9 մլրդ 949 մլն 828 հազար դրամ՝ 138 հազար 192 շահառուի համար»:  

Նրա խոսքով՝ իրենք կարևորում են կիզակետում պահել ժողովրդագրական ծրագրերը՝ խթանելու համար բազմազավակությունն ու ծնելիության աճը, և այս նպատակով մշակվում է 2021-2026թթ. ռազմավարությունը. «Այս ուղղությամբ նոր ծրագիր ունենք՝ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում աջակցության տրամադրումը ամսական 50 հազար դրամով մինչև երեխայի 6 տարեկան դառնալը»: 

«2022 թվականի համար կենսաթոշակային ապահովման ուղղությամբ նախատեսվել է 384 մլրդ 452 մլն դրամ»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
Ինչպես նշեց նախարարը, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրով նախատեսվում է 2 մլրդ 259 մլն 278 հազար դրամ. «Ավելացումը պայմանավորված է պատերազմի հետևանքով խեղում կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների թվի ավելացմամբ»: