Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների աջակցության ի՞նչ նոր ծրագրեր կան բյուջեում. Զարուհի Բաթոյանը՝ նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրով բյուջեն ավելացել է: 

Այս առնչությամբ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, սակայն, նկատեց. «Ակնհայտ է, որ այդ ավելացումը հիմնականում եղել է աջակցող սարքերի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մենք ավելի որակյալ ու թանկարժեք պրոթեզավորման պարագաներ ենք տրամադրում մեր քաղաքացիներին. սա, իհարկե, միանշանակ գովելի է: Սակայն, ցավոք, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու ու նաև նախկին զինծառայողների համար նոր ծրագրեր նախատեսված չեն, մասնավորապես՝ անձնական օգնականի կամ սոցիալական տաքսի-ծառայության, բնակարանների հարմարեցման: Գիտեմ, որ այս առնչությամբ ծրագրեր կան, բայց բյուջեում արտացոլված չեն»: 

Պատասխանելով հարցին՝ նախարարը խնդրեց իր գործընկեր Տաթևիկ Ստեփանյանին ավելացնել: Վերջինս նշեց. «Տարիներ շարունակ հաշմանդամության ոլորտում չի եղել ճիշտ կարիքի գնահատում: Միտում ունենք 6 մարզերում կյանքի կոչել Անկախ կյանքի կենտրոն, որի հիմքում պետք է լինի համայնքահեն ծառայությունը՝ անձնական օգնականի ծառայությունը և այլն»: