Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա պետբյուջեի եկամուտների ավելացում մոտ 3 միլիոն դրամով»․ ՇՄ նախարարի տեղակալ

«Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա պետբյուջեի եկամուտների ավելացում մոտ 3 միլիոն դրամով»․ ՇՄ նախարարի տեղակալ
Տնտեսություն
13:13, 10 ноябрь 2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող ՇՄ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են բնապահպանական հարկի դրույքաչափեր՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող  ապրանքների համար, այդ թվում՝ օզոնային քայքայիչ նյութերի համար։ 

«Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված  նյութերի կամ դրանց մի մասի ներմուծումը ՀՀ արդեն իսկ արգելված է, հետևաբար, իրատեսական չէ բնապահպանական հարկերի սահմանումը, դրանց ներմուծման կամ շրջանառության համար։ Կարգավորված չեն նաև այլ օզոնաքայքայիչ նյութերի և հիդրոֆտորացվածների հետ կապված հարաբերությունները։ Հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաև ապրանքների կամ դրանց  խմբերի անվանումները չեն համապատասխանում ՀՀ-ում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին  տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին և ապրանքների անվանումներին, դրանց  խմբերին, ինչը կարող է թյուրըմբռնում առաջացնել նշված ապրանքների ներմուծման գործընթաց իրականացնելիս»,-ասաց Գայանե Գաբրիելյանը։

Նա նշեց, որ սույն նախագծով առաջարկվում է նշված օրենսգրքի 171-րդ հոդվածի առաջին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը ՀՀ արդեն իսկ արգելված է, ինչպես նաև լրացնել ցանկը՝ ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով և ֆտորացված այլ գազերով, որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի 13-68 ն որոշմամբ, ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացը ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ին՝ համաձայն ԵԱՏՄ  2021 թվականի մարտի 13-ի թիվ 30 որոշմամբ։

ՇՄ նախարարի տեղակալը նշեց, որ նշված նյութերի ներմուծման և իրացման  համար բնապահպանական դրույքաչափը նախատեսվում է սահմանել 2 տոկոս, ընդ որում, մինչ այդ  էլ է նախատեսված եղել այդ 2 տոկոս  դրույքաչափը և միաժամանակ առաջարկվում է շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և ապրանքների և դրանց խմբերի անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ  ԱԱ ծածկագրերին և դրանց խմբերի անվանումներին։  

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական իրավական  այլ ակտերին, որոնք արդեն գործում են, ինչպես նաև միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում։ 19-20 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված մոտ 175 տոննա օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված այլ գազերի մաքսային արժեքը կազմել է 294 միլիոն 145 հազար դրամ, հետևաբար նախագծի ընդունման արդյունքում կառաջանա պետական բյուջեի եկամուտների մասի ավելացում, մոտավորապես 3 միլիոն դրամով»,-ասաց Գայանե Գաբրիելյանը։

Նախագիծն ընդունվեց 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։