Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի գազային դիլեման և Թուրքիա-Ադրբեջան կապը

Իրանի գազային դիլեման և Թուրքիա-Ադրբեջան կապը
Տնտեսություն / Տարածաշրջան
20:58, 10 ноябрь 2021
Համաշխարհային գազի պաշարների 17 տոկոսն ունեցող Իրանը, ենթադրաբար, չպետք է խնդիրներ ունենա Թուրքիային գազ մատակարարելու պայմանագիրը երկարաձգելու հարցում, որի ժամկետը լրանում է 2025 թվականին: Սակայն ինչն է Թեհրանի մտահոգությունը: Այս հարցին անդրադարձել է Iran International-ը:  

Հոդվածում նշվում է, որ ինչպես սեպտեմբերին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, հաջորդ ձմռանը Իրանին սպառնում է գազի օրական 200 միլիոն խորանարդ մետր պակասուրդ, ինչը նշանակում է արտահանման կրճատում ինչպես Թուրքիա, այնպես էլ Իրաք:

Օուջիի խոսքով՝ Իրանի նավթագազային արդյունաբերությունը պետք է 160 միլիարդ դոլար ներդնի՝ որպեսզի խուսափի էներգիա ներկրող երկիր դառնալուց:  Սակայն Իրանի գազի միջին օրական արդյունահանումը 2020 թվականին կազմել է օրական 700 միլիոն խմ-ից պակաս, ինչը նշանակում է, որ կառավարությունը կպայքարի և՛ գազ արտահանելու, և՛ ներքին պահանջարկը բավարարելու համար՝ ներառյալ արդյունաբերությունը և էլեկտրակայանները:

Կայքը նշում է, որ գերտերությունների հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսումը և Սպիտակ տան կողմից վերջին տարիներին որդեգրած «առավելագույն ճնշման» քաղաքականության չեղարկումը Իրանին հնարավորություն կտա ավելացնել նավթի և գազի արդյունահանումը, ինչը նշանակում է, որ նա կարող է ապահովել ներքին կարիքները և պահպանել թուրքական շուկան՝ իր արտադրական ենթակառուցվածքի արդիականացումից հետո:

Սակայն Թուրքիայի վերականգնվող էներգիայի աղբյուները,  ինչպես նաև Սև ծովում գտնվող Սակարյա հանքավայրից գազ հանելու և մինչև 2023 թվականն իր առաջին ատոմակայանն ունենալու ծրագրերը ցույց են տալիս, որ Անկարան կարող է ապահովել իր էներգետիկ անվտանգությունն՝ առանց Իրանի:

Հոդվածագիրը նշում է, որ այսպիսով Թեհրանը պետք է բանակցություններ սկսի՝ Թուրքիային գազ մատակարարելու իր 25-ամյա պայմանագիրը երկարաձգելու համար, որի ժամկետը լրանում է չորս տարուց։  

Էներգիայի արտահանումը կարևոր դեր է խաղում երկրների միջև փոխկախվածություն ստեղծելու գործում և այդպիսով օգնում է կարգավորել լարվածությունը: «Թուրքիան Իրանից ներկրում է իր սպառած գազի միայն 11 տոկոսը։ Բայց կա ևս մեկ գործոն, որը կարող է ազդել իրանական գազի Թուրքիա մատակարարումների վրա։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը հոկտեմբերին հայտարարել էր, որ Բաքուն ծրագրում է մինչև 2024 թվականն իր արտահանումը Թուրքիա 6 միլիարդ խմ-ից հասցնել 9 միլիարդ խմ-ի։ Կարճաժամկետ հեռանկարում որոշ իրանցի փորձագետներ կարծում են, որ Թուրքիայի նոր գազային պայմանագիրն Ադրբեջանի հետ կծառայի Թուրքիայի դիվերսիֆիկացման նպատակին, և դա չի նշանակում, որ Անկարան կբացառի Իրանին: Սակայն  Թուրքիայի նպատակը միայն ամենացածր գնով գազ գնելը չէ», - նշվում է հոդվածում, հավելեով, որ հոկտեմբերի 1-ին Անկարայի էներգետիկ շուկայի կարգավորող մարմնի (EMRA) կողմից հրապարակված Թուրքիայի բնական գազի շուկայի մասին զեկույցը շեշտում է Թուրքիայի տարածաշրջանային էներգետիկ առևտրի կենտրոն դառնալու կարևորությունը:

Իրանը փոքր մասնաբաժին ունի գազի համաշխարհային շուկայում՝ ունենալով համաշխարհային արդյունահանման ընդամենը 6,5 տոկոսը՝ չնայած իր մեծ գազի պաշարներին՝ 251 միլիարդ խմ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր պաշարների 17,1 տոկոսը:  

«Թեև նախքան «առավելագույն ճնշումը» Թեհրանը նավթ և գազ էր մատակարարում Թուրքիային, այժմ նա պետք է մեծացնի իր մասնաբաժինը գազի տարածաշրջանային շուկայում: Իրանցի պաշտոնյաները նույնպես կարծում են, որ Թուրքիան խոստումնալից ճանապարհ է դեպի Եվրոպա գազի արտահանման համար», - նշվում է հոդվածում: